Պետական աջակցության կարիք ունեն ոչ միայն սահմանամերձ գյուղերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով՝ այն արտոնությունները, որոնք վերջերս ընդունված օրինագծով տարածվում են Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի վրա, կարելի է տարածել  նաեւ մինչեւ 300 բնակիչ ունեցող գյուղի վրա: 

«Հանրապետությունում կան այնպիսի գյուղեր, որտեղ մշտապես բնակվում են միայն գյուղապետը եւ նրա կինը: Որիշ ոչ ոք: Կան մարզկենտրոնից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող շատ փոքր գյուղեր: Կարծում եմ, որ աջակցությունը պետք է տարածվի նաեւ նրանց վրա: Որպեսզի այնտեղ էլ բիզնեսով զբաղվեն», - նշեց Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի համաձայն, այս գյուղերում բիզնեսը ազատվում է գործնականում բոլոր տեսակի հարկերց. փոքր բիզնեսը՝ շրջանառության հարկից, իսկ ավելի խոշորները՝ ԱԱՀ-ից: Ձեռնարկությունները ազատվում են շահութահարկից, մասնավոր ձեռնարկատերերը՝ եկամտահարկից: