Եվրասիական տնտեսական միության շուկան չի արգելում, որ հայ գործարարները ստեղծեն որեւէ ապրանք եւ իրացնեն Չինաստանից մինչեւ Պորտուգալիա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
«ԵՏՄ-ի շուկան լուծում է մեկ խնդիր, որ այդ չորս երկրների միջեւ առեւտուրը դյուրացվում է, դրանից դուրս ինչքան առեւտուր ուզում ես արա, քեզ ոչ ոք չի խանգարում: Իսկ մաքսային միություններն ամբողջ աշխարհում ստեղծվում են մի բանի համար, որ խթանեն ներքին արտադրությունը: ԵՏՄ-ն էլ բացառություն չէ»,- ասաց Մանվել Բադեյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` երբ մենք մտնում էինք ԵՏՄ, իրավիճակը լրիվ այլ էր. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկային. «Տեսականորեն չեմ փոշմանել, բայց իրավիճակը փոխվել է, մեզ համար բարենպաստ պայմաններն ակնհայտ վատացել են, բայց դրա պատճառով հրաժարվել սեփական շուկայի խթանումից, պարզապես անհեթեթ է: Միակ լուծումը տնտեսությունը զարգացնելն է»:
Նշենք, որ Հայաստանը հունվարի մեկից կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:



























