Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների զարգացման նոր փուլ կդառնա հունվարին Համագործակցության խորհրդի նիստը: Այս մասին դեկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է ԵՄ-ն պատկերացնում Հայաստանի հետ հարաբերությունների լավագույն սցենարը:
Ըստ նրա՝ ապագա փոխհարաբերությունների լավագույն սցենարը կլինի ամենաիրատեսական սցենարը: «Մենք այժմ մտել ենք փուլ, որի ընթացքում ցանկանում ենք տեսնել եւ հասկանալ համագործակցության ապագա իրավական շրջանակները: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ենք ներառելու համաձայնագրում եւ որ ուղղություններով ենք ցանկանում շարունակել համագործակցությունը: Սա, իհարկե, համաձայնագրի մշակման ավարտը չէ, ընդամենը համաձայնագրի հասնելու բանակցությունների սկիզբն է», - նշել է Հրիսթեան: Պետք չէ մոռանալ, հավելել է նա, որ դրա համար նախապատրաստական աշխատանք է տարվում ոչ միայն Հայաստանում, այլեւ ԵՄ-ում եւ ԵՄ անդամ երկրների ներսում, որոնք իրենց հերթին պետք է մանդատ տրամադրեն նոր բանակցությունների համար:



























