ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ չի կիրառել, դեկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ անդրադառնալով այն հարցին,  թե ինչպիսին կլինի ԵՄ-ի արձագանքը, եթե Հայաստանը միանա ԵՄ-ի դեմ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներին՝ հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի հայտարարությունը ԵՏՄ-ի շրջանակում իրադարձությունների նման հնարավոր զարգացման մասին:

Տրայան Հրիսթեան գերադասել է խուսափել ենթադրությունների վրա հիմնված գնահատականներից: «Մենք բազմիցս նշել ենք, որ մեր կիրառած սահմանափակումները մշտական բնույթ չեն կրում: Եվ հենց վերացվեն պայմանները, որոնք հանգեցրել են այդ սահմանափակող միջոցներին, վերջիններս նույնպես կվերացվեն»,- ասել է  դեսպանը: Եվրամիությունը, ընդգծել է Տրայան Հրիսթեան, Հայաստանի հանդեպ սահմանափակումներ չի կիրառել: «Մարդիկ գիտեն՝ ինչ պետք է անեն, եւ ես հուսով ոմ, որ այդ ամենը կավարտվի հնարավորինս շուտ»,- հավելել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: