Վրաստանի նախկին վարչապետ, «Արդար Վրաստանի համար» շարժման առաջնորդ Զուրաբ Նողայդելին ժամանակավորապես դադարեցնում է խորհրդակցությունները ՌԴ կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Նողայդելին նման հայտարարություն է արել Թբիլիսիում կայացած հատուկ ճեպազրույցի ընթացքում: 

«Հաշվի առնելով նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարությունը, թե նա պատրաստ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ առանց նախապայմանների, ես պատրաստ եմ 2-3 ամիս դադարեցնել բանակցությունները «Եդինայա Ռոսիայի» հետ՝ նշանակալի հարցերի շուրջ»,- ասել է Նողայդելին:

Մասնավորապես, ըստ նրա, խոսքը գնում է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օդային հաղորդակցությունը վերականգնելու խորհրդակցությունների եւ վրացական ապրանքները ռուսական շուկա վերադարձնելու մասին:

«Ես ժամանակավորապես դադարեցնում եմ բոլոր խորհրդակցություններն ու բանակցությունները ռուսաստանյան հիշյալ կուսակցության հետ, որպեսզի չխանգարեմ Պուտինի եւ Սահակաշվիլու միջեւ երկխոսությանը: Ես կդիտեմ, թե ինչպես է նախագահ Սահակաշվիլին լուծում խնդիրները»,- ասել է ընդդիմադիր գործիչը: