«Ժառանգություն» կուսակցությունն իր 6-րդ համագումարում նոր վարչություն եւ նոր նախագահ է ընտրելու: Այդ մասին հայտարարել է կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ես ոչ վարչության անդամ կլինեմ, ոչ էլ առավել եւս նախագահ, եւ կմնամ որպես շարքային պատգամավոր: «Ժառանգություն» կուսակցության կանոնադրությամբ, բացի խորհրդարանական խմբակցության ղեկավարից, ոչ մի պատգամավոր կամ պետծառայող չի կարող լինել վարչության անդամ: Իսկ խմբակցության ղեկավարը պետք է լինի վարչության անդամ, որպեսզի ապահովի կուսակցության եւ խորհրդարանի կապը»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, վարչության լավագույն նախագահ կլինի կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Համագումարում, բացի կազմակերպչական հարցերից, քննարկվելու են նաեւ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերը:

Համագումարին մասնակցելու են 400 պատվիրակներ: