Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ ընթացող արտահերթ նստաշրջանի ավարտից հետո, եւս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի՝ կապված ֆինանսական շուկայում տեղի ունեցող վայրիվերումների, գնաճի ու դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումների հետ:

Նման նախաձեռնությամբ երեկ հանդես էին եկել ԱԺ ոչ իշխանական ուժերը (ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն»):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ ինքը եւս կողմ է ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը, բայց միայն փակ ռեժիմով: Ընդ որում, փակ քննարկմանը կողմ են արտահայտվել նաեւ ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ, քանի որ բաց քննարկումը կարող է էլ ավելի սրել հասարակության շրջանում խուճապային տրամադրությունները:

Նշենք, որ արտահերթ նստաշրջանը կանցկացվի խորհրդարանական բոլոր ուժերի համաձայնությամբ։