Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2014թ.-ի նախաձեռնությունների հիմնական թիրախը սոցիալապես անապահով քաղաքացիներն են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցապնախարար Արտեմ Ասատրյանը:
«Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք իրականացվել են 2014թ.-ին, իրենց ազդեցությունն արդեն իսկ թողել են: Նախաձեռնությունները, որոնք ներկայացվեցին, մասնավորապես ընդլայնելով հղիության նպաստ ստացող կանանց շրջանակը չաշխատող շուրջ 30 հազար մայրերին ընդգրկելով այդ ծրագրի մեջ, եւ այն փոփոխությունները, որոնք կատարվեցին պարգեւավճարների, կենսաթոշակների չափերի բարձրացման հետ կապված, արդյունք են հետեւողականորեն իրականացված եւ ապագայում իրականացվելիք աշխատանքի»,- ասաց նախարարը:
Նշենք, որ 2014թ.-ին միայն Արտեմ Ասատրյանի ներկայացրած 2 օրինագծերը Ազգային ժողովը չընդունեց: Խոսքը մասնավորապես կուտակային կենսաթոշակների եւ հղիներին տրամադրվող պետական նպաստների կրճատման մասին օրենքներին է վերաբերվում:




























