N զորամասում այսօր շրջում են Ձմեռ պապն ու Ձյունանուշը, զորանոցներում զարդարված եղեւնիներ ու փուչիկներ են, իսկ ճաշարանում՝ տոնական սեղաններ խորովածով, մրգերով եւ քաղցրավենիքով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զորամասի հրամանատարի տեղակալ Լեռնիկ Ասրյանը պատմում է, որ իրենք Ամանորին յուրահատուկ են պատրաստվում, ամեն ինչ անում են, որ զինվորն անմասն չմնա համաշխարհային տոնից:

«Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ին ժամը 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմը հավաքվում է ճաշարանում, որտեղ տոնական ընթրիք է լինում, որից հետո հավաքվում ենք հեռուստացույցի առջեւ, լսում նախագահի եւ կաթողիկոսի ուղերձները: Այնուհետեւ սկսվում է մշակութային եւ մարզական միջոցառումներով հագեցած տոնական երեկոն»,- զորամասում շրջելիս ասում է հրամանատարի տեղակալը:

Զորամասն ունի գեղարվեստական ինքնագործունեության խումբ՝ երգիչներ, պարուհիներ եւ  հաղորդավարներ, որոնք էլ լինում են հենց Ամանորի Ձմեռ պապիկը եւ Ձյունանուշիկը:

«Ինչ Ձմեռ պապ՝ առանց նվերների: Վիճակահանություն է կազմակերպվում, զինվորների ամենասիրած պահն է, չէ՞ որ մրցանակը արձակուրդ է: Ամեն տարի մի քանիսին այսպես ուղարկում ենք տուն: Մյուսների անակնկալներն էլ պակասը չեն. լավագույն զորանոցի անձնակազմը, լավագույն մշակութային եւ մարզական ելույթի հեղինակներն էլ նվերներ են ստանում մեր կողմից»,- ժպտալով շարունակում է Լեռնիկ Ասրյանը:

Տպավորություն է ստեղծվում, որ ռազմական ոլորտում լավագույնը համարվող՝ 20-ամյա զորամասը լավագույնն է նաեւ տոնակատարություններ կազմակերպելու մեջ: