Հայաստանում կա արեւային էներգիայի շատ մեծ պաշար, որը ոչնչով չի զիջում անգամ աֆրիկյան երկրներին, սակայն այդ պոտենցիալը գրեթե չի օգտագործվում: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Էռնեստ Ղազարյանը` ավելացնելով, որ, օրինակ`եվրոպական մի շարք երկրներում, թեեւ արեւն ավելի քիչ է, սակայն գրեթե բոլոր քաղաքներում այն օգտագործվում է:
«Հայաստանը ունի տեղակայման զգալի առավելություն, որը չի օգտագործվում, ինչը շատ հաճախ զարմանք է պատճառում մեր արտասահմանյան գործընկերներին»,-ասաց պրոֆեսոր Ղազարյանը` ավելացնելով, որ իրենք այս ուղղությամբ շուրջ 25 տարի է՝ համագործակցում են արտասահմանյան, հատկապես` գերմանական մի շարք ընկերությունների եւ համալսարանների հետ:
Արեւի էներգիան օգտագործելու մի քանի եղանակներ գոյություն ունեն։ Դրանցից մեկը կիսահաղորդիչներում առկա ֆոտոէֆեկտի միջոցով արևի լույսը էլեկտրականության վերածելն է։ Սակայն ֆոտովոլտային սարքերի բարձր արժեքի պատճառով այս եղանակը դեռևս Հայաստանի համար մատչելի չէ։
Պրոֆեսոր Ղազարյանի խոսքով` Հայաստանում արեւային էներգիան կարելի է օգտագործել շատ ավելի պարզ եղանակներով, որոնք բավականին էժան են,ի նկատի ունենալով, որ տարվա ընթացքում արեւոտ օրերի թիվը Հայաստանում 200-ից ավելի է ։ Կարելի է պատրաստել օրինակ՝ արեւային ջրատաքացուցիչներ, որոնք իրենցից բավականին պարզ սարք են ներկայացնում եւ ճիշտ տեղադրման պարագայում կարող են տարվա մեծ մասի ընթացքում ապահովել տնային տնտեսության տաք ջրի պահանջը։
Պրոֆեսորի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանում որոշակի հետաքրքրություն է նկատվում սպառողների կողմից արեւային էներգիայի կիրառության նկատմամբ։ Պրոֆեսորը եւ իր գիտական խումբը ՀՊՃՀ-ում, ունենալով տարբեր բարդության արևային ջրատաքացուցիչների պատրաստման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկը, 10 տարուց ավել գտնվում են անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրներ որոնելու փուլում:
Ղազարյանն ասաց, որ ժամանակին դիմել է ՀՀ Էներգետիկայի նախարարություն, սակայն արձագանքը անսպասելի էր, ասես այդ աշխատանքները խանգարում էին նախարարության գործունեությանը և անգամ կարող էին վնաս հասցնել : Էներգետիկայի նախարարության բռնած դիրքը անսպասելի էր նաեւ գերմանացի գործընկերների համար, որոնք պատրաստ էին հնարավորին չափ աջակցել այդ գործին:
«ՀՊՃՀ-ում, ի տարբերություն արտասահմանյան համալսարանների, հայ գիտնականների և մանավանդ երիտասարդ գիտնականների համար բացակայում են անհրաժեշտ ֆինանսական պայմանները վերը նշված աշխատանքները կատարելու համար»,- ասաց Ղազարյանն ավելացնելով, որ դա հանդիսանում է երիտասարդ մասնագետների Հայաստանից մեկնելու պատճառներից մեկը։
Վերջում պրոֆեսոր Ղազարյանը հույս հայտնեց, որ արեւային էներգիայի նկատմամբ արդեն առաջացած հետաքրքրությունը կարող է մոտ ապագայում բերել իր արդյունքները, եւ հայաստանյան տնային տնտեսություններում մոտ ապագայում կսկսեն կիրառվել արեւային էներգիան օգտագործող մեր Հանրապետությունում մշակված սարքեր:




























