Հարկավոր է Հայաստանի պատմական ժառանգության տարածման ուղղությամբ լուրջ աշխատանք տանել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն։

Ըստ նրա՝ զբոսաշրջային հոսքը ոչ միայն չի համապատասխանում երկրների միջեւ հարաբերություններին, այլեւ անթույլատրելի ցածր մակարդակում է։ «Մենք ուսումնասիրել ենք այդ բնագավառում Հայաստանի ներուժը։ Այն բավականին հետաքրքիր է։ Վիճակագրություն կա, ըստ որի՝ Հայաստանը պատմական հուշարձանների թվով Եվրոպայում  առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Հայաստանի իշխանությունները փորձում են երկիրն ավելի հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար: Այսօր զարգացած հաղորդակցության դար է, եւ ես չեմ կարծում, որ Բելառուսի եւ Հայաստանի աշխարհագրական դիրքն անհաղթահարելի խոչընդոտ է՝ ընդամենը երեք ժամվա թռիչք:

Շատ բելառուսներ հանգստանում եւ ճանապարհորդում են Ավստրալիայում, հարավարեւելյան Ասիայում, Թաիլանդում: Հայաստանը զբոսաշրջիկին կարող է ներկայկացնել հարուստ պատմություն՝ հաշվի առնելով, որ երկիրը քրիստոնեություն է ընդունել Կիեւյան Ռուսիայից շատ առաջ: Իմ բախտը բերել է, ես Հայաստանում աշխատում եմ արդեն յոթերորդ տարին եւ շատ եմ  ճանապարհորդել երկրում: Լուրջ աշխատանք է անհրաժեշտ՝ Հայաստանի պատմական ժառանգությունը տարածելու համար: Չեն գալիս ոչ թե նրա համար, որ հեռու է կամ թանկ: Պարզապես չգիտեն», - նշել է դեսպանը:

Նա նաեւ հիշեցրել է, որ նախկինում Երեւան-Մինսկ շաբաթական մեկ չվերթ կար: Հետո՝ երկու: Այժմ արդեն՝ երեք: «Պատրաստվում ենք չորրորդն իրականացնել: Շուտով  կհասնենք Մոսկվային: Հոսքը շատ մեծ է: Բացի դրանից, Բելառուսում  բավական հզոր հայկական համայնք է ապրում: Մենք կանխատեսում ենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրների միջեւ գործնական ակտիվությունը կաճի, հետեւաբար նաեւ ՝մարդկանց հոսքը», - նշել է դեսպանը: