Հելսինկիի շրջանային դատարանը Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ ահաբեկչության գործով վճիռ է կայացրել: Դատը սկսվել է սեպտեմբերին, չորս մարդ մեղադրվում էին Արեւելյան Աֆրիկայում գործող «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության համար գումար հավաքելու եւ ուղարկելու համար:

Գործի գլխավոր ֆիգուրանտը 1 տարի 4 ամիս պայմանական ժամկետ է ստացել: Նա դատապարտվել է ոչ միայն ծայրահեղական խմբավորմանը ֆինանսավորելու, այլեւ պոտենցիալ ահաբեկիչների հավաքագրման եւ ահաբեկչության նպատակով հանցագործությունների նախապատրաստման համար: Մյուս երեք ֆիգուրանտներից յուրաքանչյուրը հինգ ամսվա պայմանական ժամկետ է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հայտնի է, որ հանցագործները 3 հազար եվրոյից ավելի են հավաքել՝ քաջ գիտակցելով, թե ինչին են ուղղվելու այդ գումարները:

Բացի այդ, կասկածյալներից մեկը «Աշ Շաբաբում» հավաքագրել է իր եղբորը, նաեւ՝ ծրագրել իր անչափահաս եղբորորդու առեւանգումը: Տղան պետք է ուղարկվեր ահաբեկիչների պատրաստման ճամբար: Մեղադրյալները հերքում են 2008 – 2011թթ. կատարված հանցագործություններին իրենց մասնակցությունը: 

Քրեական ոստիկանությունը գործի հետանքննությունը սկսել էր 2011թ.:  Քննության ընթացքում հարցաքննվել էին  վեց մեղադրյալներ եւ 40-ի մոտ վկաներ:

Երկու կասկածյալների ազատել էին մեղքը չապացուցվելու կապակցությամբ: