Կարգավորման հարցում իրական առաջընթացի կարել է հասնել միայն գոյություն ունեցող իրողությունները եւ բանակցությունների լիարժեք ձեւաչափը հաշվի առնելով՝ դրա բոլոր փուլերում ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցության վերականգնման պայմանով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Նախարարն ընդգծել է, որ խոսելով բանակցային գործընթացում ԼՂՀ  լիարժեք մասնակցության մասին՝ ԼՂՀ իշխանությունները ելնում են հիմնախնդրի կարգավորման շահերից: «Հիմնախնդրի հիմնական կողմերից մեկի՝ ԼՂՀ-ի բացակայությունը բանակցային սեղանի մոտ խնդրահարույց է դարձնում ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը: Վստահ ենք, որ բանակցություններում ԼՂՀ անմիջական մասնակցության վերականգնումը  բխում է բոլոր կողմերի շահերից, որոնք շահագրգռված են ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հիմնախնդրի արագ կարգավորման հարցում:

Այսօր այս հարցում միակ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է եւ նրա՝ առկա իրողություններն ընդունելու ցանկության բացակայությունը», - ընդգծել է Կարեն Միրզոյանը: