Հայաստանը նոր մեթոդներ է կիրառելու՝ թիրախային երկրների շուկաներում հայկական արտադրանքն առաջ մղելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ մեկնաբանելով որակի եւ արտահանման վերահսկողության զարգացման համար Համաշխարհային բանկի հետ 50 մլն դոլարի վարկային ծրագիրը:

Նա հավելեց, որ վարկային համաձայնագրի շրջանակում ընտրվելու են հայկական արտահանման ընդլայնման համար խոստումնալից երկրներ: Այդ շուկաներում աշխատանքի համար առեւտրային խորհրդատուներ են ներգրավվելու:

«Նրանք առեւտրային ներկայացուցչի կարգավիճակ չեն ունենալու: Միանգամայն հնարավոր է, որ կներգրավվեն մասնագետներ ոչ Հայաստանից, այլ տեղական՝ շուկային ծանոթ կամ կոնկրետ ոլորտից տեղյակ անձանց»,- հավելեց Ավետիսյանը: Թիրախային երկրներն ու ապրանքները դեռեւս չեն ընտրվել:

Հիշեցնենք, որ օգոստոսին ստորագրված վարկային համաձայնագիրը հավանության է արժանացել նոյեմբերի 27-ի Կառավարության նիստում: