2015 թվականին պաշտոնական Անկարան կավելացնի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ժխտման քարոզչության ֆինանսավորումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Պատգամավորի խոսքով, Թուրքիայում երկու կարեւոր գործընթաց է տեղի ունենում. մի կողմից ազգայնականության ժայթքում կա, որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մյուս կողմից՝ թուրքական հասարակությունում մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք Հայոց ցեղասպանության մասին խոսում են՝ որպես պատմական իրողության մասին. «Դրանք մտավորականության ներկայացուցիչներ են, որոնք եվրոպական կրթություն են ստացել»:
Շահգելդյանը չի բացառում հնարավորությունը, որ որոշ թուրք պաշտոնյաներ 2015 թվականի ապրիլի 24-ին կժամանեն Երեւան, սակայն դա ոչ մի կերպ չի խանգարի հակահայկական քարոզչության ֆինանսավորման ավելացմանը:


























