ԱՄՆ-ն անհանգստացած է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցների ձերբակալմամբ եւ կոչ է անում Ադրբեջանի պատկան մարմիններին հետեւել իրենց երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, որոնք վերաբերում են լրատվամիջոցների ազատության պաշտպանությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք խորապես անհանգստացած ենք «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի խուզարկության ժամանակ աշխատակիցների ձերբակալությունների եւ հարցաքննությունների առթիվ: Այդ գործողությունների պատճառները պարզ չեն»,-ասված է գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունում, որը տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«Մենք կոչ ենք անում լիազորված անձանց (որոնք պատասխանատու են խուզարկությունների համար) հարգել լրատվամիջոցների ազատության պաշտպանության վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցները կնքել են Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը: Բացի այդ, խմբագրությունում խուզարկություններ են տեղի ունեցել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խուզարկությունը տեղի է ունեցել քրեական գործի շրջանակներում:

Ադրբեջանի դատախազությունը բռնագրավել է «Ազատություն» ռադիոյի գրասենյակի գույքը