Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների նախաշեմին, ինչպես նաեւ տոնական եւ հետտոնական օրերին պետք է առավել կենտրոնացնել ջանքերը, պատճաշ եւ բարձր մակարդակով իրականացնել բոլոր միջոցառումները` հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցության ժամանակ:

Հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաեւ բանակային զորամիավորումների հրամկազմը եւ, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության  շրջանակում, Պաշտպանության բանակի ղեկավար կազմը:

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Բացելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների նախաշեմին, ինչպես նաեւ տոնական եւ հետտոնական օրերին պետք է առավել կենտրոնացնել ջանքերը, պատճաշ եւ բարձր մակարդակով իրականացնել բոլոր միջոցառումները` հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:

Խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, Ամանորի եւ Սուրբ ծննդի տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին տեսակապի միջոցով հաշվետու զեկույցներով հանդես եկան բանակային զորամիավորումների հրամանատարները: Ներկայացվեցին առաջնագծում եւ մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական հաջորդ տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների պլանավորման առանցքային հարցերը:

Տարվա ընթացքում կատարված աշխատանքների  եւ առկա խնդիրների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաեւ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ովքեր ընդգծեցին, որ ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են մարտական եւ զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանության նախարարը տվեց մի շարք ցուցումներ եւ հանձնարարականեր` ներկայացնելով նաեւ 2015թ. տարեմուտի ուղերձի առանցքային կետերը: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես տոնական օրերին զորամասերում ուժեղացված ռեժիմով վերահսկողություն սահմանելու, անձնակազմի զգոնությունը բարձրացնելու հարցերի վրա: Պաշտպանության նախարարը հրահանգեց նաեւ խիստ հետեւողական լինել զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմաններն ապահովելու, անձնակազմի ցրատահարության դեպքերը բացառելու, ինչպես նաեւ ժամկետային զինծառայողների, հատկապես նորակոչիկների առողջական գանգատների նկատմամբ:

Սելեկտորային խորհրդակցությունն եզրափակվեց մեկ գավաթ շամպայնով միմյանց ամանորյա շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ հղելով: Գեներալից մինչեւ շարքային բարեմաղթելով առողջություն, երջանկություն, հանդուրժողականություն, անձնական ու ծառայողական նորանոր հաջողություններ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ միասնական աշխատանքի շնորհիվ 2015-ին էլ ազգային բանակը դարձյալ պատվով կհաղթահարի բոլոր դժվարությունները, ամուր կպաշտպանի մեր սահմանները եւ կապահովի հայ ժողովրդի խաղաղ արարումը: