Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս հուլիսի 31-ին զոհված զինծառայող, 20-ամյա Ազատ Ասոյանի ուսուցիչները մինչեւ այժմ չեն համակերպվում Ազատի մահվան հետ: Դեպքից ամիսներ անց էլ նրանք հուզմունքով են հիշում Ազատին:

«Ինքը միշտ կենդանի է մեր հետ: Ինքը տարբերվում էր ամեն ինչով: Յուրահատուկ աշակերտ էր, հետաքրքիր, զուլալ: Շատ պարզություն կար իր մեջ: Դպրոցում ինչ կազմակերպեինք, ինքն առաջինն էր, իրեն պիտի տայինք ամենալավ խոսքերը, ամենալավ դերը, ինքը դրանից ուրախանում էր: Իր համար շատ հաճելի էր, որ առաջին պլանում լիներ միջոցառումների ժամանակ»,- NEWS.am-ի հետ զրույցում հիշեց Ազատի դասղեկ Ռիտա Վարդանյանը:

Դասղեկը, որն Ազատի հետ շփվել է նաեւ դասապրոցեսից դուրս, հիշում է Ազատի ամանորյա կենացները։ Ուժեղ եւ միասնական լինելու՝ Ազատի մաղթանքն ամենից շատն է տպավորվել  նրա մոտ. «Ամանորին այցելում էր մեր տուն: Երբ կենաց խմում էր, ասում էր՝ լինենք ուժեղ, միասնական, համարձակ: Այդ բառերը կարծես իր մեջ մանկուց եկած լինեին»:

Ազատի ողբերգական մահվանից ամիսներ անց դասղեկն իր սիրելի աշակերտի անվանը հանդիպելիս անգամ չի կարողանում զսպել հուզմունքը. 
«Վերջերս թերթեցի նոթատետրս, որտեղ իմ գրառումներ եմ արել, ցուցակներից մեկում Ազատի անունը, չգիտես ինչու, կարմիրով էի գրել։ Միայն իր անունն էր կարմիրով: Արտասվեցի: Մինչեւ հիմա պահել եմ դա»:  

Տիկին Վարդանյանը եւ Ազատի մյուս ուսուցիչները միացել են մի խումբ երիտասարդների նախաձեռնությանը, որով կառավարությունից պահանջում են Երեւանի փողոցներից մեկը վերանվանել Ազատ Ասոյանի անունով։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել էր նաեւ 20-ամյա ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանը: