ԱՄՆ-ի եւ Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են AirAsia Indonesia ավիաընկերության պատկանող կործանված օդանավի եւս յոթ ուղեւորների մարմինները: Այսպիսով՝ մինչեւ այս պահը գտնված մարմինների թիվն առայժմ 16 է, որոնցից 9-ի ինքնությունը պարզվել է:

Շարունակվում է ինքնաթիռի հիմնական մասի եւ մյուս մահացածների մարմինների որոնումը, որը կենտրոնացված է 1,575 հազար քառակուսի մղոն տարածքում:

Որոնողական աշխատանքներին ներգրավված է 29 նավ եւ 17 ինքնաթիռ, հաղորդում է РИА Новости-ն:

Առայժմ անհայտ է օդանավի սեւ արկղերի ընկած վայրը:  

Հիշեցնենք, որ AirAsia ավիաընկերության օդանավը աղետի էր ենթարկվել եւ Ճավա ծովն ընկել դեկտեմբերի 28-ին: Ինդոնեզիայից Սինգապուր թռչող օդանավում 162 մարդ կար: