Հունվարի 1-ից գործարկվել է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքը՝ www.eaeunion.org հասցեով: Կայքը հասանելի է միության բոլոր անդամ-երկրների ազգային լեզուներով՝ հայերեն, բելառուսերեն, ղազախերեն եւ ռուսերեն: Առկա է նաեւ կայքի անգլալեզու տարբերակը:

Ռեսուրսում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ Միության վերաբերյալ, մասնավորապես, ԵՏՄ ընդհանուր տնտեսական ցուցիչները, անդամ-երկրների օգտակար հանածոների մասին տեղեկություններ, նաեւ ինֆորմացիա Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի վերաբերյալ:

«ԵՏՄ կառավարման մարմիններ» բաժնում, որը ներկայացնում է Եվրասիական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ Եվրասիական դատարանը, այցելուները կարող են տեղեկություններ ստանալ Միությունում որոշումների կայացման համակարգի վերաբերյալ:

2015թ. հունվարից ԵՏՄ-ն դառնում է Միության իրավանորմատիվային փաստաթղթերի պաշտոնական թողարկողը: Ներկայում կայքում առկա է ԵՏՄ ամբողջ նորմատիվային բազան, այդ թվում՝ ԵՏՄ համաձայնագիրը: