ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանումից հետո 7-ամյա աղջիկը ողջ է մնացել: Այս մասին գրում է AP գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության սերժանտ Դին Պատերսոնին: Վերջինի փոխանցմամբ, երեխան, ենթադրաբար, կարողացել է հեռանալ պատահարի վայրից եւ կատարվածի մասին պատմել տեղի բնակիչներին: Հետագայում աղջկան տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Piper PA-34 Seneca ինքնաթիռը կործանվել է ամերիկյան Քենթուքի նահանգում: Տեղի ոստիկանության հաղորդմամբ, 4 մարդ մահացել է: «Որոնողական ջոկատները փոքրիկ ինքնաթիռի բեկորները գտել են անտառային հատվածում: Քննիչները հաստատել են չորս մարդու մահվան փաստը»,- ասված է նահանգի ոստիկանության Facebook-ի էջում:
ԱՄՆ ավիացիայի դաշնային վարչության հաղորդմամբ, ավիակարգավարներն ինքնաթիռի հետ կապը կորցրել են, երբ այն թռել է նահանգի հարավ-արեւմտյան Մարշալի շրջանի տարածքի վրայով: Օդաչուն տեղեկացրել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին:




























