Փարիզում իրավապահները կանխել են կոկաինի վաճառքով զբաղվող խոշոր հանցավոր խմբի գործունեությունը: Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուսիս-արեւելյան թաղամասերից մեկում անցկացրած հատուկ գործողության ընթացքում 7 մարդ է ձերբակալվել:

ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով France Info ռադիոկայանին, գրում է, որ եւս 3 մարդ ձերբակալվել է Փարիզի Ռուասի-Շառլ դը Գոլ օդանավակայանում, ուր նրանք ժամանել են Մարտինիկիի չվերթով: Հանցավոր ցանցի ղեկավարը ձերբակալվել է այս կղզում, որը հայտնի է որպես Լատինական Ամերիկայից Ֆրանսիա թմրանյութերի փոխադրման ուղիներից մեկը:

Հատուկ գործողության ընթացքում իրավապահները 3 կգ կոկաին են առգրավել, որը փոխադրել են ռոմի շշերով: Խուզարկության արդյունքում նաեւ ավելի քան 200 հազար եվրո է հայտնաբերվել:

Մեկ օրվա ընթացքում հանցավոր ցանցը թմրանյութ է տարածել 200-300 թմրամոլի շրջանում՝ մի քանի հազար եվրո աշխատելով: Ոստիկանության տվյալներով, թմրանյութերի վաճառքով զբաղվողները՝ 18 մարդ, հիմնականում մեկ ընտանիքից են, որոնց մի մասն արդեն հետախուզվողների տվյալների բազայում է եղել՝ տարբեր իրավախախտումների համար: