Ամերիկյան անօդաչու թռչող սարքը հարվածել է Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան նահանգի բնակելի շինությանը:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Դոոն» թերթի էլեկտրոնային տարբերակը, փոխանցում է, որ նոր տարում անօդաչու թռչող սարքի առաջին հարձակման հետեւանքով Աֆղանստանին սահմանակից այդ տարածքում ոչնչացվել է յոթ գրոհային, եւս երկուսը վիրավորվել են:
Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 4-ին՝ Հարավային եւ Հյուսիսային Վազիրստանի սահմանի մոտ գտնվող Շավալ դաշտավայրում: Անօդաչու օդանավը մի քանի հրթիռ է արձակել բնակելի շենքերի համալիրի ուղղությամբ, որտեղ թաքնվել էր Հաֆիզ Գուլ Բահադուրի խմբավորման մեջ մտնող ուզբեկ հրամանատարներից մեկը. խմբավորումը գործում է «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» շարժման հովանու ներքո:
Պակիստանը դատապարտում է իր տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարքեր օգտագործելը՝ դա գնահատելով որպես իր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ոտնահարում, առավել եւս Հյուսիսային Վազիրիստանում թալիբների դեմ խոշոր ռազմական գործողություն անցկացնելու պահին:



























