Ցանկացած երկրի համար, և խոսքը միայն Հայաստանի մասին չէ, կարևոր դասն այն է, որ պետք է ձգտել համաշխարհային տնտեսության մաս դառնալ, այլ ոչ թե փակվել սեփական կեղևում։ Այս մասին հոկտեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում ընթացող «Տնտեսության տրանսֆորմացիա․ «կանաչ» տրանսֆորմացիա, ինստիտուցիոնալ որակ և արժեքի ստեղծում» համաժողովի ժամանակ առցանց ձևաչափով հայտարարել է Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Փոլ Քրուգմանը։
Նա պարզաբանել է, որ քանի որ աշխարհագրությունը դեռևս առանցքային դեր է խաղում տնտեսական հարաբերություններում, դա նշանակում է առաջնահերթությունը տալ Եվրոպային, թեև ոչ միայն նրան։ Ըստ նրա՝ աշխարհն արմատապես փոխվել է․ եթե նայենք 1970-ականների դիտանկյունից, ապա անհավանական էր թվալու անգամ այն միտքը, թե Չինաստանը կդառնա տնտեսական հզոր տերություն, որը տեխնոլոգիապես գրեթե կհասնի ԱՄՆ-ին ու Եվրոպային։ Հաջողված մեկ այլ օրինակ է Հարավային Կորեան, որը սովի եզրին գտնվող երկրից անցել է մինչև զարգացած պետություն դառնալու ուղին։
Տնտեսագետի խոսքով՝ հաջողության այս բոլոր պատմությունները միավորում է մեկ ընդհանուր բան՝ դեպի արտաքին շուկաներ ուղղվածությունը. երկրները հաջողության են հասել արտահանմանը միտված արդյունաբերություն հիմնելով, այլ ոչ թե միայն ներքին սպառման վրա կենտրոնացած արդյունաբերականացմամբ։ Նա ընդգծել է, որ այսօր որևէ երկիր, նույնիսկ Չինաստանը կամ ԱՄՆ-ը, չի կարող հաջողությամբ զարգանալ՝ հենվելով միայն ներքին շուկային միտված ռազմավարության վրա։
«Այսօր՝ ակնհայտ փոխկախվածության պայմաններում, դա ավելի է բարդացել․ այլևս չկա նախկին վստահությունը, թե միջազգային առևտրի կանոնները երաշխավորված թույլ կտան երկրներին արդյունաբերականացում իրականացնել և ապահովել արագ տնտեսական աճ։ Եվ այնուամենայնիվ, իրավիճակն այդքան անհույս չէ։ Բանն այն է, որ, չնայած այս ամբողջ խելահեղությանն ու քաոսին, համաշխարհային առևտրի ծավալները կտրուկ անկում չեն գրանցում։ Ավելին, համաշխարհային առևտուրն, ըստ էության, նույնիսկ աճում է։ Այնպես որ, հնարավորությունները պահպանվում են։ Ուստի յուրաքանչյուր երկրի արժե որոշել այն ոլորտները, որոնցում կարող է հաջողել, զարգացնել դրանք և փորձել դուրս գալ իր տարածաշրջանի ավելի լայն շուկաներ»,— եզրափակել է Փոլ Քրուգմանը։




























