Մեքսիկայի մայրաքաղաքից 480 կմ արեւմուտք գտնվող Կոլիմա հրաբխի խառնարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունն ուղեկցվել է մոխրի եւ գոլորշու արտանետումներով:

Քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները հայտնել են, որ խառնարանից ժայթքած արտանետումների բարձրությունը հասել է շուրջ 3 հազար մետրի: Ծովի մակարդակից շուրջ 4 հազար մ բարձրության վրա գտնվող հրաբխի մերձակայքի մի շարք բնակավայրեր մոխրով են պատվել: Ներկայումս տուժածների կամ նյութական վնասի վերաբերյալ լուրեր չեն ստացվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  

Փորձագետները չեն բացառում, որ առաջիկայում Կոլիմայի խառնարանում կարող են նոր պայթյուններ տեղի ունենալ, որոնց հետեւանքով մոխիր եւ գազեր կարտանետվեն: Վերջին օրերին հրաբխի գործունեությունը նկատելի աշխուժացել է: Կոլիման ակտիվ է արդեն շուրջ 500 տարի: