Էբոլա վարակի հարուցած հիվանդության համար «պլան Բ» չկա, այն պետք է հաղթահարել:

Այս մասին Գանայի մայրաքաղաքում հայտարարել է ՄԱԿ-ի Էբոլայի հարցերով արագ արձագանքման առաքելության նոր ղեկավար, Մավրիտանիայի ներկայացուցիչ Իսմայիլ ուլ Շեյխ Ահմեդը, որը շաբաթ օրը պաշտոնում փոխարինել է ամերիկացի Էնթոնի Բենբերիին:

Ըստ նրա՝ Էբոլայի համաճարակի դեպքում խոսքը համաշխարհային նշանակության ճգնաժամի մասին է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  «Անկասկած, մենք ծանր ժամանակներ ենք  ապրում, սակայն կարող ենք հաջողության հասնել: Մենք պետք է շարունակենք պայքարել, մինչեւ որ չմնա հիվանդության  ոչ մի դեպք, քանի որ նույնիսկ մեկ դեպքը շատ է: Մեր առջեւ դրված խնդիրը շատ բարդ է, սակայն, ճիշտն ասած, մենք այլընտրանք չունենք», - ասել է Ահմեդը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Էբոլայի զոհերի թիվը հասել է շուրջ 8 հազար մարդու, դեռ 20 հազարից ավելին էլ վարակված են: