Գալիք գարնանից ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն աջակցող Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակն անորոշ ժամանակով սառեցնում է գործունեությունը:

Կազմակերպության ներկայացուցիչ Գեղամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ խնդիրը ֆինանսական է եւ կապված չէ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու հետ:

«Ես սրա տակ ոչ մի քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Ես չեմ կարող խոսել ամերիկյան կառավարության անունից. այդ հարցերը կարող եք ուղղել ԱՄՆ դեսպանատուն: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փոքր հիասթափություն հնարավոր է, որ Արեւմուտքի կողմից եղել է, բայց դա անակնկալ չի եղել»:

Նա, այդուամենայնիվ, ընդունում է, որ նախկին Խորհրդային միության տարածքում փոխվել են առաջնահերթությունները, եւ Հայաստանը վերջին տարիներին Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի համեմատ ավելի քիչ ֆինանսավորում է ստացել. «Հայաստանը միշտ վերջին տարիներին հայտնվել է ֆինանսավորման ռադարից մի փոքր ավելի դուրս: Նկատի ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունները»:

Գրասենյակը Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Այս ընթացքում աջակցել է ժողովրդավարության ամրապնդմանը՝ համագործակցելով քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ:

Գեղամ Սարգսյանը հույս ունի, որ ապագայում այս ծրագրերը կշարունակվեն, սակայն հստակ ժամկետներ առայժմ չի կարող նշել: «Այն ժամանակ կարեւոր էր, երեւի, քաղաքական կուսակցությունների հետ աշխատանքը, կարեւոր էր օրենքի գերակայության հետ կապված մեր շրջանակներում աշխատանքը, ընտրական քարոզարշավի կազմակերպումը: Առջեւում ընտրություններ չկան: Այս պահին դա առաջնահերթություն չի համարվում USAID-ի (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն) համար: Սա չի նշանակում, որ դա կարող է շատ երկար ժամանակ տեւել: Հայաստանը դեռեւս դիտվում է որպես հնարավորությունների երկիր»,- հավելել է Գեղամ Սարգսյանը: