Բելառուսի Ազգային բանկը չեղարկել է ֆիզիկական անձանց կողմից արտարժույթ գնելիս գանձվող վճարը: Այս մասին Բելառուսական պետական հեռագրական գործակալությանը տեղեկացրել են Ազգային բանկի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հաշվի առնելով հունվարի 8-ից արտարժույթի ձեռքբերման ժամանակ բորսային գործարքների հարկման չեղարկումը՝ Ազգային բանկի ղեկավարությունը որոշել է 2015 թվականի հունվարի 9-ից չեղյալ հայտարարել բնակչության կողմից արտարժույթի գնման ժամանակ գանձվող վճարը»,- ասված է հաղորդագրությունում:
Սրա նպատակն է նույնականացնել արժութային շուկայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ բանկերի փոխանակման կետերում, առք ու վաճառքի փոխարժեքները, եւ դրանք մոտեցնել բելառուսական ռուբլու պաշտոնական փոխարժեքին: Բացի այդ, հունվարի 9-ից Ազգային բանկը վերականգնում է արտարժույթի զամբյուղին բելառուսական ռուբլու փոխարժեքի կցման մեխանիզմը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Բելառուսի Ազգային բանկը հայտարարել է երկրում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից արտարժույթ գնելիս ժամանակավորապես 30 տոկոսանոց վճար սահմանելու մասին: Որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով ներքին արժութային շուկայում դոլարի ու եվրոյի աճող պահանջարկը: Ստացված միջոցներն ուղղվում էին պետբյուջե:



























