Ֆրանսիայի ոստիկանությունը ջիհադականների դրոշներ եւ դյուրավառ խառնուրդով շշեր է հայտնաբերել ավտոմեքենաներից մեկում, որը նախօրեին օգտագործել են Փարիզում «Charlie Hebdo» երգիծական պարբերականի խմբագրության վրա հարձակում իրականացնողները:

Ըստ France Press գործակալության, Citroen C3 մակնիշի մեքենայում շուրջ 10 «Մոլոտովի կոկտեյլ» ու երկու դրոշ է եղել: Հանցագործները մեքենան թողել են Փարիզի 19-րդ շրջանում, Բյուտ Շոմոն զբոսայգուց ոչ հեռու:

Ներկայում ոստիկանության հատուկ ջոկատայիններն ու հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները տեղափոխվել են երկրի հյուսիսային Վիյե- Կորտըրե քաղաք, որտեղ էլ, իբր, վերջին անգամ տեսել են «Charlie Hebdo»-ի վրա հարձակման մեջ կասկածվողներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արյունալի հարձակումն իրականացնելու մեջ կասկածվող Սաիդ եւ Շերիֆ Կուաշիները դեպքի վայրից փախուստի են դիմել մոխրագույն Renault Clio ավտոմեքենայով: