Գրանցվել է Ճավայի ծովում կործանված AirAsia ընկերության ինքնաթիռի «սեւ արկղերի» ազդանշանը: Այն գրանցվել է ինքնաթիռի պոչային հատվածից 300 մ հեռավորության վրա:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ինդոնեզական Detik.com ինտերնետ-պորտալին, հայտնում է, որ ազդանշանն ընդունել է Jadayat նավը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները հայտնաբերել են AirAsia ինքնաթիռի՝ ամբողջապես տիղմով պատված պոչի հատվածը: Այն գտնվել է շրջված վիճակում եւ 36 մետր խորության վրա: Ներկայումս ջրասույզների թիմը փորձում է գտնել «սեւ արկղերը», որոնք ենթադրաբար նույնպես ծածկված են տիղմի շերտով:
Հիշեցնենք, որ մալայզիական Airbus-ը 2014 թվականի դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Սինգապուր: Թռիչքից կարճ ժամանակ անց այն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում 162 մարդ է եղել: Որեւէ մեկին փրկելու հույս այլեւս չկա:




























