Ջրասուզակները սկսել են բարձրացնել Air Asia Indonesia ընկերության օդանավի զոհված ուղեւորների մասունքները: Դրան նպաստում է ինքնաթիռի կործանման պահից առաջին անգամ հաստատված բարենպաստ եղանակը:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ 34 մետր խորությունից բարձրացվել են ավելի վաղ սուզանավորդների կողմից նկատված ավիաաղետի երկու զոհերի մարմինները: Ջրից դուրսբերվածների մարմինների ընդհանուր թիվը հասել է 48-ի:

Ներկայումս սուզակները փորձում են 35 մետր խորությունից բարձրացնել օդանավի պոչի հատվածը:

Հիշեցնենք, որ մալայզիական Airbus-ը 2014 թվականի դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Սինգապուր: Թռիչքից կարճ ժամանակ անց այն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում 162 մարդ է եղել: Որեւէ մեկին փրկելու հույս այլեւս չկա: