Փարիզի դատախազությունը հերքել է ոստիկանական գործողության ժամանակ մարդկանց մահվան մասին լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունները, հայտնում է «Ռեյթերը»: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել 2 զոհվածների 20 վիրավորների մասին:

Le Parisien-ի փոխանցմամբ՝ միջադեպն իբրեւ թե տեղի է ունեցել Էն եւ Ուազ դեպարտամենտների հարավում, Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա հարձակման մեջ կասկածվող անձանց ձերբակալության ընթացքում: Փոխհրաձգությունը դարձել է 2 մարդու մահվան եւ 20 քաղաքացիների վիրավորման պատճառ: Ավելի վաղ հաղորդվել էր Դամարտեն-ան-Գոել քաղաքում սկսված փոխհրաձգության մասին:

Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում են Քուաշի եղբայրները: