Փարիզում անհայտ անձինք հրեական սուպերմարկետում շարունակում են պատանդներ պահել:
France Info ռադիոյի հաղորդմամբ՝ պատանդները գերեվարվել են մայրաքաղաքի Porte de Vincennes շրջանում: Հանցագործության մեջ կասկածվում է կին ոստիկանին սպանողը:
Սուպերմարկետի մոտակայքում գտնվող դպրոցից տարհանել են երեխաներին: Ոստիկանությունը հայտարարել է բանակցություններ սկսելու մտադրության մասին, սակայն անհայտ անձինք չեն ցանկանում կապ հաստատել ոստիկանության հետ:
Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները հայտարարել էն, որ Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակումն իրականացնողներն ու կին ոստիկանին երեկ՝ հունվարի 8-ին, սպանողը ծանոթ են միմյանց: Ճշգրտվում է, որ նրանք բոլորը հարում են Փարիզի հյուսիս-արեւելքում գործող ջիհադիստների միեւնույն կազմակերպությանը:
Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում են Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները:




























