Լեռնային Ղարաբաղում իրական պատերազմի վտանգ հիմա չկա, որովհետեւ Բաքվում հասկանում են, որ կգործեն Մոսկվայի կողմից Հայաստանին տրված երաշխիքները՝ ՌԴ-ի հետ միավորման դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով վերջին օրերին շփման գծում տեղի ունեցած միջադեպերն ու ադրբեջանական կողմի դիվերսիոն ներխոժման փորձերը:

Քաղաքագետի խոսքով, թեեւ Ռուսաստանը ներկայումս գտնվում է ճգնաժամի մեջ եւ ներգրավված է Ուկրաինայի եւ Բելառուսի հետ կապված իրադարձություններում, այդ զգացումը Ադրբեջանն ունի: «Ուստի Բաքուն հիմա չի գնա ռազմական արկածախնդրության: Բայց հաշվի առնելով, որ իրավիճակն ընդհանրապես տարածաշրջանում վատթարանում է, հաշվի առնելով նավթի ու գազի գները, որ Ադրբեջանը կախված է այդ գներից, նման միջադեպերը կշարունակվեն, որովհետեւ դա անհրաժեշտ է մարդկանց էներգիան այլ ուղղությամբ ուղղորդելու համար»,-ընդգծել է Սկակովը:

Փորձագետը պարզաբանել է, որ Ադրբեջանում զանգվածային փսիխոզ կա՝ կապված Ղարաբաղի եւ Հայաստանի հետ, եւ այդ փսիխոզն անընդհատ աճում է: «Կարծում եմ, որ այդ միջադեպերը կշարունակվեն այն աստիճանի, որքան դրանք ձեռնտու են Ադրբեջանին: Այսինքն պատերազմի մակարդակի դրանք երբեք չեն հասնի: Իսկ ընդհանրապես այս հարցը կախված է լինելու ոչ միայն Հայաստանից, Ադրբեջանից ու Ռուսաստանից, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբից ընդհանրապես: Եթե հաջողվի միջնորդների միջեւ կոնսենսուս գտնել, միասնական դիրքորոշում ձեւավորել, ապա կարծում եմ, այդ միջադեպերը շտ արագ կվարտվեն»,-ամփոփել է Սկակովը:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:

Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: