Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը դատապարտում է Հալեպի հայ կաթողիկե Սբ Ռիտա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետեւանքով լուրջ վնասներ են պատճառվել։

ԱԳՆ կայքում տեղադրվել է Տիգրան Բալայանի մեկնաբանությունը` եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ. «Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են եւ ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական եւ վայրագ բնույթը։

Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների եւ սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»:

Հիշեցնենք, որ զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 9-ին հրթիռակոծել են Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից Սբ Ռիտա եկեղեցին: Ըստ «Գանձասար» շաբաթաթերթի` հրթիռակոծության հետեւանքով եկեղեցու կառույցը մասամբ քանդվել է: