Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արձանագրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում որեւէ առաջխաղացում չի եղել 2014 թվականին: Այս մասին նա հայտարարել է ելույթ ունենալով կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված է եղել 2014 թվականին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին:

«Նախորդ տարի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում չի եղել»,-նշել է Ալիեւը: Նա մեղադրել է Հայաստանին, որ վերջինս «խաղաղություն չի ուզում» եւ միջազգային միջնորդներին, որ նրանց հայտարարությունները ստատուս քվոյի անթույլատրելիության մասին մնում են «պարզապես խոսքեր, որոնց հետեւում չկա ոչ մի լուրջ քաղաքականություն», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ալիեւը հիշեցրել է ԼՂ խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի մասին, որոնք արդեն ավելի քան 20 տարի մնում են չկատարված:

Միաժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ նման փաստաթղթերը, որոնք վերաբերում են այլ միջազգային խնդիրների, անմիջապես կատարվում են: «Դա անարդարություն է, երկակի ստանդարտների կիրառում: Երեւի կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են նրանում, որ հակամարտությունը մնա սառեցված կամ կիսասառեցված, որպեսզի օգտագործեն այն որպես Ադրբեջանի վրա ճնշման միջոց»,-հատուկ ընդգծել է Ալիեւը՝ հավելելով, որ 2015 թվականին Ադրբեջանը մեծացնելու է իր ռազմական պոտենցիալը: