Ուժեղ ձնաբքի եւ թույլ տեսանելիության պատճառով հունվարի 11-ին Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 29 չվերթ, իսկ 168-ը իրականացվել է ուշացումով: NEWS.am-ի թղթակցին, սակայն, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնեցին, որ Երեւան-Մոսկվա եւ Մոսկվա-Երեւան չվերթներն իրականացվել են ժամանակին, ուշացումներ չկան:
«Մեկ չվերթ էլ նույնիսկ ժամանակից շուտ է վայրէջք կատարել»,- հայտնեցին օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ըստ gazeta.ru-ի տեղեկությունների՝ Մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է 9 չվերթ, 83-ն էլ իրականացվել է ուշացումով: Շերեմետեւոյում հետաձգվել է միանգամից 20 չվերթ:




























