Ադրբեջանը նոր մարտավարություն է մշակել. եթե նախկինում հակառակորդը միայն փորձարկում էր այս կամ այն դիրքի ամրությունը, ապա այսօր բացարձակ ոտնձգություններ է կատարում Հայաստանի սահմանների նկատմամբ: Այս մասին այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Վերլուծաբանի խոսքով` Ալիեւը ցանկանում է այնքան սրել իրավիճակը, որ գերտերությունները մոռացության չմատնեն Ղարաբաղյան հիմնահարցը, ինչպես նաեւ լուծեն հարցը` հօգուտ Ադրբեջանի:

«Սահմանին առկա լարվածությունը կախված է նաեւ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից: Իլհամ Ալիեւը փորձում է հակամարտության սրման, փորձարկել Հայաստանի ամրությունը ԵՏՄ կազմում, այստեղ եզրահանգումները մեր օգտին չեն: Ալիեւի ցանկությունը մեկն է` պարզել, թե այդ միությունն ինչքանով է տեր կանգնում իր դաշնակցին: Հունվարի տասնմեկին Տավուշում կատարվածն էլ դրա ապացույցն է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ եթե հիմա միջազգային հանրությունը համապատասխան արձագանք չտա կատարվող դեպքերին, ապա վտանգ կսպառնա նաեւ հենց այդ պետություններին:

«Թող ոչ մեկը լուրջ հույսեր չփայփայի, որ 2015թ.-ին հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- ավելացրեց նա:

Նշենք, որ տոնական օրերին Ադրբեջանը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը. երկու կողմից էլ այս օրերին եղել են զոհեր: Հունվարի 11-ին էլ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել արդեն Հայաստանի պետական սահմանով: Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները: Հակառակորդի դիվերսիոն խմբից կա զոհ, որին դիակը միայն ժամեր անց էր ադրբեջանական կողմը կարողացել տարհանել միջդիրքային տարածքից: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը (ծնված 1935 թ.):