Գալուստ Սահակյանը ցավակցել է Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության կապակցությամբ:

«Մեծագույն վշտով տեղեկացա Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության մասին: Սպանվել է մի ողջ ընտանիք, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների մանուկներից մեկը, որն անգամ մեկ տարեկան դեռ չկա, Աստծո կամքով եւ հրաշքով ողջ է մնացել:

Ազգային ժողովը սգում է ընտանիքի կորուստը, աղոթում ողջ մնացած մանկան առողջության ու կյանքի փրկության եւ զոհերի հոգիների հանգստության համար: Զորակցությունս եմ հայտնում եւ վշտակցում եմ Ավետիսյանների հարազատներին եւ կիսում կորստյան անսահման վիշտն ու ցավը»,- նշել է ԱԺ նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: