Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը փորձել է համագործակցության հակել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին հաղորդել է WikiLeaks նախագծի խմբագիրներից մեկը՝ Սարա Հարինգթոնը:
Նրա խոսքով՝ ԱԴԾ-ն այդ առաջարկությունը Սնոուդենին արել է երբ վերջինս 2013-ին մոտ 6 շաբաթ գտնվում էր Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Առաջարկը մեկ անգամ է արվել, որին ի պատասխան Սնոուդենը «ռուսներին ոչինչ չի տվել»:
Հարինգթոնի հայտարարությունը հնչել է «Մարտի դաշտը՝ ինտերնետ. երբ համացանցը զենք է դառնում» վավերագրական ֆիլմում, որը հունվարի 12-ին եթեր է հեռարձակվել գերմանական հեռուստատեսությամբ:
ԱԴԾ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Սնոուդենը Մոսկվայում է գտնվում 2013-ի հունիսի 23-ից:




























