Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանը 1,5 ժամ չէր աշխատում, քանի որ խափանվել էր էլեկտրական սնուցման հոսանքալարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ այժմ մետրոյի աշխատանքն ամբողջությամբ վերականգված է:
««Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչեւ «Սասունցի Դավիթ» կայարան լիարժեք երկու գծերն էլ աշխատել են այդ ընթացքում, միայն «Սասունցի Դավիթ» կայարանի կողմից մի ուղղությամբ է իրականացվել ուղեւորների փոխադրումը»,-ասաց նա:
Արթուր Գեւորգյանը հերքեց տեղեկությունները, որ մետրոյի աշխատանքը դադարեցվել է Գյումրիում այսօր՝ հունվարի 12-ին, ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին:
Նշենք, որ ռուս զինծառայողին փնտրում են նաեւ Երեւանում. ցերեկվանից մայրաքաղաքում ուժեղ հսկողություն է իրականացվում, ստուգվում են բոլոր բեռնատարները, տաքսիները եւ մետրոյի կայարանները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան:


























