Շոտլանդական Սքայ կղզու տարածքում մոտորանավակի մեծության կենդանու մնացորդներ են գտել:

Գիշատիչը սնվել է օվկիանոսի շնաձկներով եւ ափին մոտեցող դինոզավրերով: Կենդանին իխտիոզավրերի ընտանիքին է պատկանել. անհետացած ծովային սողուններ՝ սուր գլխով եւ չորս լողակներով:

Շոտլանդիայում աշխատող հնագետների խումբը գիտությանը նախկինում անհայտ տեսակին կոչել է Dearcmhara shawcrossi: Dearcmhara կելտերեն նշանակում է «ծովային մողես»:

Կենդանու մնացորդները (գանգի, ատամների, ողնաշարի եւ վերին լողակի ոսկորների հատվածներ) շուրջ կես դար առաջ հայտնաբերել է կոլեկցիոներ Բրայան Շոուքրոսը:

Նմուշները յուրացնելու կամ վաճառելու փոխարեն (ինչպես, ցավոք, հաճախ պատահում է), Շոուքրոսն այն նվիրաբերել է Գլազգոյի համալսարանին կից Hunterian թանգարանին:

Դա հնարավորություն է ընձեռել գիտնականներին ուսումնասիրել դրանք, դասակարգել եւ մոդելավորել՝ հասկանալու համար, թե ինչպիսի տեսք է այն ունեցել: Ըստ Scottish Journal of Geology գիտական ամսագրի, կենդանին շուրջ 4.3 մետր երկարություն է ունեցել եւ սնվել է ձկներով եւ անողնաշարավոր ծովային կենդանիներով: