Գյումրիում դաժանորեն սպանված 6 հոգանոց ընտանիքի անդամներից 6-ամսական երեխայի մոտ առկա է դրական դինամիկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Նա նշեց, որ երեխայի վիճակը կայունացել է: Երեկ Երեւանից ժամանել են մասնագետներ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ամբողջ գիշեր անցկացրել են հիվանդանոցում, իսկ այսօր երեխային կտեղափոխեն Երեւան: 6-ամսական բալիկը բուժումը կշարունակի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։