Հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում հայտնաբերված Վալերի Պավելի Պերմյակովի դեմ հարուցված է երկու քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Քրեական գործերից մեկը հարուցվել է ՌԴ-ի իրավապահների կողմից, մյուսը՝ ՀՀ իրավապահների կողմից: «Ներկա պահին անձը հայտնաբերվել է ՌԴ զինվորականների կողմից եւ գտնվում է ՌԴ իրավապահ մարմիների դատավարական վարույթում, հետեւաբար նա ձերբակալվել է ՌԴ-ի հարուցած քրեական գործի շրջանակներում: Նկատի ունենալով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում մեկ անձի վերաբերյալ երկու քրեական գործերի քննություն տարբեր մարմիններում եւ տարբեր վարույթներում, ուստի քրեական գործերը միանշանակ միացվելու են»,-ասաց Շիրակի մարզի դատախազը:
Միացվելուց հետո կլինի մեկ ընդհանուր քրեական գործ եւ արդեն կորոշվի ենթակայության հարցը, այսինքն՝ այն կքննեն Հայաստանի՞, թե Ռուսաստանի իրավապահները: Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ այս պահի դրությամբ երկու երկրների դատախազների կողմից քննարկվում է երկու քրեական գործերի միացման եւ ենթակայության հարցը: Թե ինչ ժամկետում պետք է լուծվեն այս հարցերը, ՇՄ դատախազն ասաց, որ ժամկետ չկա, բայց անձը ձերբակալված է եւ ՌԴ օրենսդրությունը խափանման միջոցի հարցը որոշելու համար նախատեսում է 48 ժամ՝ ՀՀ օրենսդրության 72 ժամի փոխարեն:
Թե ինչպես կլուծվի գործի ենթակայության հարցը, Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ Հայաստանի իրավապահների հակված են, որ գործը հանձնեն մեզ, սակայն առայժմ ընթանում են քննարկումներ:
Ի դեպ, Պերմյակովը ցուցմուք տվել է ՌԴ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում, հայ իրավապահները եւս նրա հետ բանավոր զրուցել են դեպքից, բայց դրանք հրապարակման ենթակա չեն:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:




























