ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 13-ին, Գյումրիում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Բախինի հետ՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախարարի ու գեներալ Բախինի հանդիպումն արդեն ավարտվել է, իսկ թե ինչ հարցեր են քննարկվել ավելի ուշ կհայտարարենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: