Գյումրիում կատարվածն ամոթալի երեւույթ է՝ որ երկրում էլ այն տեղի ունենար: Այն Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետ կապ չունի, հունվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա՝ կատարվածը կապված չէ օրենսդրական փոփոխությունների հետ, քանի որ ռազմաբազայի կարգավիճակը զազրելի արարք կատարելու հնարավորություն չի տալիս: «Ես ուրախ եմ, որ այս դեպքը հակառուսական տրամադրություններ չառաջացրեց: Մենք պետք է ցույց տանք, որ այստեղ ազգային խնդիր չենք տեսնում, խնդիրն այստեղ օրենքը, ռազմաբազայի ներքին կանոնակարգը խախտելու մեջ է: Այս խնդիրները պետք է դառնան լուրջ քննարկման առարկա», - նշել է Արմեն Ռուստամյանը: Այս դեպքից հետո, շարունակել է պատգամավորը, հավանաբար պետք է կիրառվեն խիստ միջոցներ, որպեսզի զինծառայողը չկարողանա այդպես ազատ լքել բազան:




























