Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին այսօր՝ հունվարի 13-ին, Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ձեռնարկելու են մոմավառություն:

«Սա բոլորիս ցավն է և մեր պարտքն է ազգովի հարգանքի տուրք մատուցել մեր հայրենակիցներին: Եկեք մոմավառության այս միջոցառումը չքաղաքականացնենք, ուղղակի ի հիշատակ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ մեկ մոմ վառենք միասին»,- ասված է ֆեյսբուքյան միջոցառման էջում:

Նշենք, որ NEWS.am-ը ավելի վաղ գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Այժմ քննարկվում է հարուցված երկու քրեական գործերը միացնելու եւ ՀՀ-ում կամ ՌԴ-ում քննելու հարցը: