Գյումրիում զանգվածային սպանություն իրագործած տականքը պետք է պատժվի միջպետական պայմանագրերի եւ իրավաբանական նորմերի շրջանակներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Դատապարտում եմ բարբարոսությունը եւ համակարծիք եմ, որ տականքը ազգություն չունի: Չկա մի ազգություն եւ հասարակություն, որտեղ տականքներ չլինեն: Մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում այդ ողբերգությանը ագզային նրբերանգ չհաղորդել, դա անթույլատրելի է: Հայ եւ ռուս ժողովուրդներին միավորում է դարավոր բարեկամությունը եւ այս ողբերգությունը պառակտման պատճառ չպետք է դառնա», - ընդգծել է Շարմազանովը: ԱԺ-ի փոխնախագահի կարծիքով, ռուսական կողմն ինքն է շահագրգռված հանցագործի խիստ պատժով:

Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, որ միջադեպից հետո հայկական կողմին հնարավորություն կտրվի վերահսկել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չի շտապում դիլետանտային հայտարարություններ անել այն հարցերի շուրջ, որոնք կարգավորվում են միջպետական պայմանագրերով. «Երկու պետությունները կգտնեն խնդրի սողոմոնյան լուծումը»: