Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված ընտանիքի միակ փրկված անդամի` 6 ամսական Սերյոժայի վիճակում դրական փոփոխություններ կան: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Այս երեք ժամվա ընթացքում երեխայի վիճակի մեջ դրական դինամիկա է նկատվում, բայց վաղաժամ է ուրախանալու եւ ոգեւորվելու համար: Բոլոր դեպքերում մենք շատ լուրջ խնդիրների դեմ ենք պայքարում»,- ասաց Նիկոլայ Դալլաքյանը` նշելով, որ դրական փոփոխությունը հուսադրող է:
Նիկոլայ Դալլաքյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ ավարտվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հրավիրված բժշկական կոնսիլիումը, որի ժամանակ ամփոփվել են երեխայի վիճակի մասին վերջին տվյալները եւ պլանավորվել անհրաժեշտ հետագա բժշկական գործողությունները:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հիվանդանոցում այս պահին կան մեծ թվով այցելուներ. ոչ միայն նրա բարեկամներ, այլեւ անծանոթներ, որոնք իրենց հետ նվերներ են տարել փոքրիկ Սերյոժայի համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: Երեխայի վիճակը մնում էր ծանր, նրան այսօր առավոտյան տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են ռուս զինվորականներ հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:
Ռուս զինվորականի դեմ երկու քրեական գործ է հարուցել:
ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու հարց չի քննարկվում:




























