Գյումրիում հունվարի 12-ի գիշերը դաժանորեն սպանված ընտանիքի 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակն առայժմ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ առայժմ կյանքին սպառնացող վտանգ կա: «Երեխան 5-6 ժամ մնացել է առանց օգնություն, արյունահոսած, շոկային վիճակով, մենք այժմ գործ ունենք այդ բարդությունների հետ: Ներքին օրգանները կարգավորվել են, բայց ուղեղը տուժել է շոկային վիճակից»,-ասաց Աննա Չոբանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:




























